Հորմոնների կարևոր ֆիզիոլոգիական դերը ԿՆՀ-ի կառուցվածքային և ֆունկցիոնալ ինտեգրացիայում պայմանավորում է նրա ախտաբանական փոփոխությունները էնդոկրին համակարգի հիպո- և հիպերֆունկցիայի պայմաններում: Մակերիկամի հորմոնների և էստրոգենների խրոնիկական անբավարարությունը համարվում է դեմենցիայի հարուցման ախտաբանական վիճակներից մեկը: Երկկողմանի օվարիէկտոմիայով հարուցված նեյրոդեգեներացիայի պայմաններում ուսումնասիրվում է հիշողության գործընթացներում ներգրավված նեյրոնային ցանցերի սինապտիկ ակտիվությունը: Օգտագործելով միկրոէլեկտրաֆիզիոլոգիական եղանակներ՝ գնահատվում է սինթետիկ էստրոգենային փոխարինող թերապիայի և դեղաբույսերի էքստրակտների արդյունավետությունը:
Ուսումնասիրվում են նեյրոնային ցանցերի սինապտիկ պլաստիկականության էլեկտրաֆիզիոլոգիական չափանիշները, որոնք Аβ-հարուցված և ադրենալէկտոմիայով ինդուցված (առանձին և համատեղ) նեյրոդեգեներացիայի ժամանակ ներգրավված են հիշողության գործընթացում: Այդ պայմաններում ուսումնասիրվում է հորմոնային գործոնի դերը իմացական գործառույթի հուզական բաղադրիչի կարգավորման մեխանիզմներում: Անտիապոպտոտիկ կասկադի մոլեկուլային մեխանիզմների և նեյրոնային ինսուլինանման աճի գործոնների ազդանշանային ուղիների կոնվերգենցիան ցույց է տալիս ինսուլինատրոպ և նյարդապաշտպան ակտիվության փոխադարձ կապը և նշված հատկություններով դեղաբույսերի (Stevia rebaudiana, Cichorium intybus, Teucrium polium) արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը առանձին և համատեղ օգտագործման պայմաններում: Նստանյարդի վնասումից հետո ողնուղեղի մոտոնեյրոններում և գլխուղեղի շարժողական կենտրոններում, օգտագործելով էլեկտրաֆիզիոլոգիական եղանակներ, գնահատվում է նուկլեոտիդային թերապիայի և ֆիտոթերապիայի արդյունավետությունը: Շարժողական և զգայական վերականգնման աստիճանը գնահատվում է նաև ֆունկցիոնալ թեստերի միջոցով:
2008թ.-ից մինչ օրս Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նյարդաէնդոկրին փոխհարաբերությունների լաբորատորիան ղեկավարում է կ.գ.դ., Վերգինե Անդրանիկի Չավուշյան-Պապյանը:
Համագործակցություն
Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմակոգնոզիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանականերում ուսումնասիրվում է տարբեր ակտիվ բաղադրամասերի պարունակությամբ (գումարային ֆլավոնոիդներ, տերպենոիդներ, ստեվիոզիդ, ինուլին և միկրոէլեմենտներ) չոր բուսահումքերի և ջրային/էթանոլային չոր էքստրակների համեմատական թերապևտիկ արդյունավետությունը հետևյալ փորձարարական կենդանիների մոդելների վրա.
- Գլխուղեղի նյարդադեգեներացիա` հարուցված էնդոկրին խանգարումներով (ձվարանների և մակերիկամների հեռացում)
- Ողնուղեղի նեյրոդեգեներացիա (նստանյարդի և ողնուղեղի ճմլում)
- Գլյուկոզայի նյութափոխանակության խանգարում (նյութափոխանակային համախտանիշ և ստրեպտոզոտոցինային դիաբետ)
Ստացված են տվյալներ ծրագրավորված որակական և քանակական բաղադրությամբ էկոլոգիապես մաքուր դեղաբանական բուսահումքի բարձր արդյունավետության մասին, որը մատնանշում է հիդրոպոնիկ եղանակով աճեցված բուսահումքի առավելությունը:
Երևանի պետական համալսարանի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանակներում ուսումնասիրվում է էկզոգեն և էնդոգեն ենթատեսաթմբային նեյրոպեպտիդ PRP-ի մոդուլյատոր դերը անդաստակային փոխհատուցման ժամանակ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանակներում ուսումնասիրվում է պարաթիրեոիդ հորմոնի դերը ողնուղեղի նեյրոնների վրա և Аβ–հարուցված նյարդադեգեներացիայի շտկման գործընթացում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանակներում Аβ–հարուցված նյարդադեգեներացիայի մոդելներում ուսումնասիրվում է ենթատեսաթմբային նեյրոպեպտիդ PRP-ի և սաղմնային պրոտեոգլիկանների մոդուլյատոր դերի էլեկտրաֆիզիոլոգիական չափանիշները:
Լաբորատորիան համագործակցում է "ՍԿԷՆԱՌ"" առողջապահական վերականգնողական կենտրոնի հետ: Մարդու մաշկի մակերեսի վրա թերապևտիկ ոչ ինվազիվ ազդեցությամբ` նպատակ ունենալով իրականացնել կարգավորիչ ազդեցություն ֆիզիոլոգիական համակարգերի վրա, օգտագործվում է "ՍԿԷՆԱՌ"" ապարատը` ինքնակարգավորվող էներգոնեյրոադապտիվ կարգավորիչը: Ակուպունկտուրային կետերի "ՍԿԷՆԱՌ" խթանման ժամանակ ուղեղի տարբեր նեյրոփոխադրիչ կառույցներում ուսումնասիրվում են ազդեցության էլեկտրաֆիզիոլոգիական չափանիշները: